Բնակարանային գողության փորձի կասկածով բերման ենթարկվածները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Փետրվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են բացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չեն կարողացել ու հեռացել են:

Հաղորդումը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն ու քննչական մարմինները, և հաղորդումից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Մարտի 1-ին իրավապահները պարզեցին, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինեն Միկրոշրջան թաղամասում բնակվող 32 և 39-ամյա երկու տղամարդ:
Նույն օրը նրանք հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին:
Կասկածյալները ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: