Կառավարության ոչ կշռադատված քայլերի հետևանքով տուժեց զբոսաշրջությունը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

իրան

«Փաստը» գրում է․ ««Կորոնավիրուսի հարցը շարունակում է մնալ որպես համաշխարհային կարևորություն ունեցող թեմա։ Քանի որ վարակը շատ արագ է տարածվում և մահացությունների պատճառ դառնում, ուստի պետությունները միջոցներ են ձեռնարկում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ, նույնիսկ ռազմավարություններ մշակում, թե ինչպես պետք է դիմագրավեն վիրուսի տարածման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերներին։

Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ վտանգավոր է ոչ միայն վիրուսի տարածումը, այլև դրա շուրջ ստեղծված արհեստական աղմուկը և խուճապային տրամադրությունները։ Դրա համար կառավարությունները մեթոդներ են մշակում հանրության հետ աշխատելու և ավելորդ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։

Տարբեր առողջապահական կազմակերպություններ արդեն իսկ աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, սակայն այն նաև ժամանակի հարց է, քանի որ նախատեսում է փորձարկումների իրականացում և դրա արդյունավետության գնահատում։ Ուստի վարակի տարածումը կանխելու հարցում երկրների իշխանություններին այլ բան չի մնում, քան վարակակիրներին մեկուսացնել և պահել հատուկ հսկողության տակ։ 

Օրինակ՝ Չինաստանը կարանտին հայտարարեց ոչ միայն վարակի ծագման վայր հանդիսացող Ուհան քաղաքում, այլև վերջինիս մոտակայքում գտնվող 15 քաղաքներում: Արդյունքում ներկայումս աշխարհից մեկուսացված է մոտ 45 միլիոն մարդ: Եվ համացանցում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Ուհան քաղաքում կյանքը կանգ առել. մարդիկ դադարել են փողոց դուրս գալ, և փողոցներում կատարյալ դատարկություն է։

Չինաստանը հզոր տնտեսություն ունեցող երկիր է, և իրեն կարող է թույլ տալ կարանտին հայտարարել որոշակի նահանգներում և խիստ սահմանափակումներ մտցնել, սակայն նույնը չենք կարող ասել փոքր երկրների և մասնավորապես Հայաստանի մասին։ Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկիրը պետք է փորձի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այնպիսի մեթոդներ որդեգրել, որ դրա առաջացրած ցնցումները տնտեսության վրա լինեն հնարավորինս աննշան։

Սակայն մեր իրականության մեջ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն մտածում առկա վտանգը կանխարգելելու մասին։ Այսպես օրեր շարունակ իշխանությունները փափուկ բարձ էին դնում հանրության գլխի տակ, թե կորոնավիրուսի վտանգ չկա, անհանգստանալու կարիք չկա և այլն։ Բայց երբ գրանցվեց վարակի առաջին դեպքը, իշխանությունները վարակակրի հետ անմիջական շփում ունեցողներին արագորեն տեղափոխեցին Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոց՝ առանց իրենց քայլերի հետևանքների մասին մտածելու…

Եվ պատահական չէ, որ մամուլում շարունակաբար տեղեկություններ են հայտնվում հյուրանոցներում ամրագրումների չեղարկման և զբոսաշրջիկների նվազման մասին, իսկ խուճապային տրամադրությունների առաջացումից հետո իշխանավորների այցերը Ծաղկաձոր որևէ կերպ չփոխեցին իրադրությունը։ Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ միջազգային մամուլը ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը անվանել է «5-աստղանի կարանտին»։

Մի՞թե հնարավոր չէր հավանական վարակակիրներին այլ վայր տեղափոխել և մեկուսացնել, որը զբոսաշրջային տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստացվում է այնպես, որ կառավարության ոչ կշռադատված քայլերի արդյունքում տուժեց երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձորում շարունակվում էր զբոսաշրջային բուռն սեզոնը, մյուս կողմից էլ դեռ երկար ժամանակ համացանցային որոնողական համակարգերում Ծաղկաձոր անունն ասոցացվելու է կորոնավիրուսի հետ։ Այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունները գործում են իրավիճակի, պահի ազդեցության տակ և ռազմավարական մոտեցում չեն որդեգրում առկա մարտահրավերներին դիմագրավելու և խնդիրները լուծելու հարցում։ Այսինքն, ինչպես հայտնի մուլտֆիլմում, «նախ՝ անում են, ինչ կամենան», հետո մտածում, իսկ ավելի ստույգ՝ «հանկարծ» իմանում հետևանքների մասին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: