Մայրը մահացել է, դստեր վիճակը ծանր է. 28-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին եւ իր 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում. հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։

Մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել եւ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է:

Ըստ  Tsayg.am-ի՝ աղջկա վրա եղել են բռնության հետքեր, նա հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: