ԱՄՆ Պետքարտուղարությունը քաղաքացիներին հորդորում է չմեկնել Արցախ, Ադրբեջան և Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Գրել է «Հետք»-ը։

Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։

ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։

Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։

Թուրքմենստան չայցելելու առաջարկը բացատրվում է այն քայլերով, որն այդ երկրի կառավարությունը ձեռնարկել է՝ կորոնավիրուսի չտարածման համար։ Այսպես, ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել են, որ միջազգային բոլոր չվերթները Աշխաբադի օդանավակայանից տեղափոխվել են Թուրքմենաբադ (նախկին՝ Չարջոու), որը գտնվում է մայրաքաղաքից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ, կորոնավիրուսի հնարավոր հայտնաբերման պարագայում, ուղևորներին կառաջարկվի գտնվել կարանտինում, որը կազմակերպվելու է քաղաքի բժշկական հաստատություններից մեկում։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։ Ուղևորներին կարող են ստիպել տալ անալիզներ, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով ամերիկյան գերատեսչությունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ցանկացած թեստերից, որոնք կապ չեն ունենա COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի հետ։

Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։ Ահաբեկիչները կարող են հարձակվել նույնիսկ առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, ուխտագնացության վայրերը, այգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հանրային այլ տարածքներ։

«Ֆերգանա» պարբերականի տվյալներով՝ փետրվարի 23-ից Թուրքմենստանն իր երկրի տարածք չի թույլատրում այն երկրների քաղաքացիներին, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Աշխաբադում Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ բոլոր ժամանածներին ստիպում են հանձնել անալիզներ, որոնց ստուգումը կարող է տևել շուրջ 6 ժամ։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 102 262-ի, մահացածների թիվը՝ 3497-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 57 660-ի։

Աղբյուրը՝ «Հետք»։