Երիտասարդներն անասնագոմից հորթեր են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

.

Մարտի 6-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի, ժամը 19.00-ից մարտի 6-ի, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին բաժին բերման են ենթարկվել Էջմիածին քաղաքի երկու բնակչի։ Բերման ենթարկվածներից 17-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը ինքն է կատարել։

Գողոնը հայտնաբերվել է:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բերման ենթարկվածը գողությունը կատարել է 21-ամյա երկու այլ անձանց հետ, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.10-ին ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր: