Անձինք, որոնք վերջին 2 տարիներից հետո պետք է ամաչեին, ջրի երես են դուրս գալիս․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

սարհատ

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելուն։ Մրցույթում Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան, որը 2012-ին արդարացրել էր ԱՕԿՍ-ի շենքի քանդումը։ Գրառումը՝ ստորև․

«Նախորդ երկու շաբաթների ընթացքում երկու նորություն եղավ։ Առաջինը ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ իրավապահ մարմնի հայտարարությունն էր, որ. «… պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել»:

Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե նույն շրջանում չլիներ մեկ այլ հայտարարություն, այս անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելու մասին։ Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրականում որևէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու և առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։

Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան (տե՛ս հղումը մեկնաբանությունում)։ Նույնիսկ նրան չէի անդրադառնա, եթե, համաձայն օդում կախված լուրերի, փորձ չլիներ նրան որպես «ոլորտի լավագույն գիտակ» մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի, կամ նորից ըստ օդում կախված լուրերի, նույն այդ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտը համակարգած փոխնախարարը չհավակներ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնին ու, ավելին, դա լուրջ դեմքերով չքննարկվեր նրա թեկնածությունը տարբեր ձևաչափերով։

Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս, պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչև վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար։

#ՈչինչՄյուսԱնգամ ինստիտուցիոնալ մոտեցումը ոչ միայն կլինի հայտարարությունների տեսքով, այլև ամենօրյա գործով...»։