Քոչարյանը դեռ «Էրեբունի» ԲԿ-ում է, վիճակը կայուն է․ հնարավոր է՝ դատական նիստը հետաձգվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ռոբերտ

«Ռոբերտ Քոչարյանը դեռևս Էրեբունի ԲԿ-ում է, նրա վիճակը կայուն է, որոշ հետազոտություններ պետք է անցնի։ Թե ի՞նչ գանգատներ ունի և քանի՞ օր կմնա բուժհաստատությունում, դեռևս չենք կարող ասել», - 24News-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը 24News-ին տեղեկացրեց, որ Քոչարյանը բժիշկների հսկողության տակ է, գիտակից վիճակում, սակայն առողջական լուրջ խնդիր կա, սպասում են հետազոտության արդյունքներին։ 

«Երեկ ես և պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեսակցել ենք Ռոբերտ Քոչարյանին, վաղը նույնպես նրան կայցելենք։ Չեմ կարող ասել՝ հարազատները տեսակցե՞լ են, թե՞՝ ոչ, հիվանդանոցում շարունակում է գործել քրեակատարողականի ռեժիմը, բայց տեսակցությունների համապատասխան թույլտվություն կա», - նշեց Օրբելյանը։

Փորձեցինք նաև ճշտել՝ հնարավո՞ր է հետաձգվի մարտի 10-ի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ «Դատական նիստը հնարավոր է հետաձգվի ամենայն հավանականությամբ, կախված է նրանից՝ Քոչարյանը կկարողանա դատական նիստին մասնակցել, թե ոչ։ Առողջական խնդիրներից ելնելով՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ սպասում ենք դատարանում քննարկվի նախկին վարչապետների կողմից ներկայացված երաշխավորությունը, ինչն առանց Ռոբերտ Քոչարյանի մասնակցության չենք պատկերացնում», - պատասխանեց պաշտպանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով հոսպիտալացվել էր նախ «Նաիրի» ԲԿ, ապա՝ «Էրեբունի» ԲԿ։

Սոնա Գրիգորյան