Էջմիածնի քաղաքապետի գրառումը խնդրահարույց է «Հանրաքվեի մասին» օրենքի մասով. «Ոչ»-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ոչ

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս բնակիչներին հրավիրել էր հանդիպման՝ նրանց հուզող խնդիրները քննարկելու և պատասխանելու հանրաքվեի վերաբերյալ հարցերին, խնդրահարուց է «Հանրաքվեի մասին» օրենքի տեսանկյունից։ Գրառումը՝ ստորև․

«Էջմիածնի քաղաքապետի գրառումը խնդրահարույց է «Հանրաքվեի մասին» օրենքի տեսանկյունից:

Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ «վաղը լինելու է Չարենցի այգում՝ էջմիածնեցիների հետ հանդիպելու, նրանց հուզող խնդիրները քննարկելու և հանրաքվեին վերաբերող հարցերին պատասխանելու նպատակով», ավելացնելով, որ շրջելու է շենքերի բակերով և բնակիչներին հանձնի ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր։

Դիանա Գասպարյանի գրառումը խնդրահարույց է օրենքի՝ հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների տեսանկյունից։

Նախ, Դիանա Գասպարյանն օգտվելով իր պաշտոնեական դիրքից բնակիչներին հրավիրում է իր՝ Էջմիածնի քաղաքապետի հետ հանդիպման բնակիչներին հուզող խնդիրները քննարկելու համար։ Բնակիչները, բնակաբանար կցանկանան իրենց խնդիրները ներկայացնել գործող քաղաքապետին։

Երկրորդ, գրառումից ակնհայտ է դառնում, որ Գասպարյանը պատրաստվում է բնակիչների հետ քննարկել նրանց խնդիրները, ինչը կրկին կարող է անել միայն քաղաքապետի կարգավիճակում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու կարգավիճակը»։

Եվ երրորդ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով բնակիչներին իր հետ հանդիպման հրավիրելով՝ Գասպարյանը պատրաստվում է միաժամանակ քարոզչություն իրականացնել՝ բակերով շրջելով և քարոզչական նյութեր բաժանելով։

Մինչդեռ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել «ի պաշտոնե հանդես գալիս»։

Կոչ եմ անում Դիանա Գասպարյանին պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ի պաշտոնե հանդես գալիս չիրականացնել քարոզչություն, իսկ քարոզչություն իրականացնելիս հանդես չգալ ի պաշտոնե։