Քաղավիացիայի կոմիտեն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

քաղավիացիա

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է կոմիտեօ հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին շտապ ճեպազրուց է անցկացրել՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման հետ, որի ժամանակ հայտարարել է ձեռկարկվելիք ավելի խիստ միջոցների մասին, որոնց նպատակն է կանխել վարակի հետագա տարածումը։

Ըստ այդմ․

Կարանտին է հայտարարվում ամբողջ երկրի տարածքով, քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից։ 

Մարտի 10-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9172 դեպք, մահացել է 463 մարդ, ապաքինվել է 724 մարդ։Կիրակիից սկսած՝ գրանցված հիվանդների թիվն աճել է 25 %-ով։