ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

իտալիա

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ  ԱԳՆ-ն:

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է հայտարարությունում։

Նշենք, որ Իտալիայի իշխանությունը ամբողջ երկրի տարածքում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մինչև ապրիլի 3-ը փակ կլինեն երկրի բոլոր ուսումնական հաստատությունները։ Քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից․ բացառություն են աշխատանքը, առողջական խնդիրներն ու ծայրահեղ անհրաժեշտությունը։