Դավիթ Ափոյանը կբողոքարկի ՀՔԾ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Ափոյան

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն բերման ենթարկելուց հետո ինքը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել. նա պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ որոշումը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի վերջո, ամեն ոք սովորելու՞ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար:

Երեւի հիշում եք, որ դեկտեմբերի 24-ին Ոստիկանության աշխատակիցները ինձ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ տարածքից: Հիշում եք նաեւ, որ որոշել էի փաստաբանիս հետ բողոքարկելու ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ոստիկանները ակնհայտորեն դուրս էին եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ վնաս հասցնել իմ օրինական շահերին:

Հաղորդում ներկայացրեցինք ՀՔԾ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն ՀՔԾ-ն ոչ քրեական գործ հարուցեց, ոչ էլ գոնե նյութեր նախապատրաստեց: Ու սա այն դեպքում, երբ երկրի ողջ իրավական համայնքը դատապարտել էր այդ գործողությունները: Ընդհուպ մինչեւ վարչապետ արձանագրվել էր, որ եղածը անօրինական է:

Մենք էլ որոշեցին գնալ դատարան եւ բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը: Դատական նիստը տեղի է ունենալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում մարտի 17-ին՝ ժամը 16.30-ին:

Տպավորություն է, որ իրավապահ համակարգում որոշումները հաճախ կայացվում են ըստ լրահոսային աղմուկի: Օրինակ, բերման ենթարկելու օրվա աղմուկը ստիպեց, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն սկսի, իսկ վարչապետը հայտարարի եղածի անօրինականության մասին: Իսկ քանի որ հետագայում ես ինձ թույլ չտվեցի թեման անընդհատ շահարկել(ինչպես շատերը կանեին), ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել: Չի ստացվելու: Ի վերջո, ամեն ոք սովորելու՞ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար»։