Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

/

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։

Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։ Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):

Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանկանությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթներ չլինեն:

Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։

Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մարտի 10-ին գտնվել է Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել է Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա։