«Տաշիր»-ը 172,96 միլիոն ռուբլիով ձեռք է բերել Սևան–Հրազդան ՀԷԿ-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, որին պատկանում է Հայաստանում Սևան-Հրազդան ՀԷԿ-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էներգաընկերությանը:

Էներգաընկերությունը հայտարարություն է տարածել գործարքի ավարտի վերաբերյալ

«Ավարտվել է ռազմավարական գործարքը՝ «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ին պատկանող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր» խմբի մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությանը։

Անցյալ տարվա դեկտեմբերին կնքված պայմանագրի պայմանների համաձայն, գնորդը վերաֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի վարկային պարտավորությունները, որի համար գործում էր «ՌուսՀիդրո»-ի  երաշխավորությունը: Դրանից հետո «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետոմսերի 90%-ը փոխանցվել է գնորդի սեփականություն:

Գործարքի արդյունքում «ՌուսՀիդրո» խմբի ֆինանսական պարտքի մակարդակը նվազել է 4 միլիարդ ռուբլիով, իսկ խմբի վարկային պորտֆելի վրա արտարժույթի ռիսկերը ամբողջությամբ բացառվել են: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի վաճառքով «ՌուսՀիդրո»-ին դադարերել են պատկանել ակտիվներ՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայնագրի պայմաններով՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի 527 հազար բաժնետոմսերի արժեքը կազմել է 172,96 միլիոն ռուբլի: