Մեքենան՝ հանցագործության գործիք․ ոստիկանները պարզել են սպանության հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ ստացվեց, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Առաջին հայացքից՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր, բայց՝ միայն առաջին հայացքից։

Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մարզի իրավապահներն օպերատիվորեն պարզեցին եղելությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։ «ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս  շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, իսկ այս դեպքում՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։