Որևէ քարացած բան չկա, որը ոչ մեկն իրավունք չունի փոխել․ Աշոտ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

ղուլյան

«Պետության, իշխանությունների, օրենքների, Սահմանադրության իմաստն այն է, որ մարդկանց կյանքը թեթևանա»: ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը քարոզարշավ է իրականացրել Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում: Քարոզարշավի ընթացքում ներկայացրել է նաև ԱԺ պատգամավորների թեկնածուներին՝ նշելով, որ թեկնածուներ մեջ միայն ստեփանակերտցիները չեն․ նրանց մեջ կան նաև շրջանում ապրողներ:

«Որևէ քարացած բան չկա, որը ոչ մեկն իրավունք չունի փոխել: Իհարկե, մենք ունենք Սահմանադրություն, որը միասին ենք ընդունում, և բոլորս էլ պետք է ընդունենք, որ եթե միասին գնում ենք հանրաքվեի, ընդունում ենք, ապա դա բոլորի համար պարտադիր պետք է լինի»,- նշել է Ղուլյանը:

Ղուլյանը պատասխանեց բնակիչների՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ի, համայնքում խմելու ջրի, փողոցների վերանորոգման հարցերին․ «Լավ օրից չէ, որ Արցախում հեռախոսակապի մեկ օպերատոր կա: Ինչպես ՀՀ-ում է բջջային 3 օպերատոր, այնպես էլ մի օր Արցախում կավելանան օպերատորները, և մրցակցության արդյունքում նաև գնանկում կլինի: Նա նշել է, որ բոլորն են ուզում՝ խնդիրների լուծումները շուտ կազմակերպվեն,և ավելի հեշտ կարողանան լուծել դրանք։

Ղուլյանը առանձնացրել է հիմնական խնդիրենրի երեք ուղղություն, որից առաջինը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է․

«Մենք կարող ենք ամեն ինչից դժգոհել, բայց միևնույն է, մեր ապագան ամեն ինչով կապված է նրա հետ, թե մեր պաշտպանունակությունը, մեր անվտանգության համակարգը ինչքանով են համարժեք այսօրվա մարտահրավերներին: Մեզ էլի ինչ-որ բաներ առաջարկելու են: Այնպես չէ, որ մենք հիմա շատ մոտ ենք հիմնախնդրի կարգավորմանը, բայց անպայման պետք է շարունակենք բանակցային գործընթացը, հետևաբար՝ մեր երկրի ընտրվող ղեկավարն անպայման պետք է քաղաքական առաջնորդություն կարողանա իրականացնել՝ առաջին հերթին հենց ղարաբաղյան հիմնախնդիրը ճիշտ ձևով լուծելու համար»։

Երկրորդ խնդիրն, ըստ Ղուլյանի, սոցիալտնտեսական բլոկի՝ տարիներով կուտակված հարցերն են՝ ճանապարհների բարեկարգում, խմելու ջրի, հեռախոսակապի, ինտերնետի և այլ հարցերի լուծում:

Երրորդ ուղղությունը, Ղուլյանի խոսքով, Արցախի և Հայաստանի հարաբերություններն են. «Ինձ թվում է՝ մենք պետք է անպայման առաջիկա 5-10 տարիներին այնքան փորձենք այս համագործակցության ինտեգրման աստիճանը բարձրացնել, որ իրար հանդեպ որևէ բան չունենանք: Վերջնական նպատակը պետք է լինի մեկ միասնական հայկական պետությունը»,-ասել է Ղուլյանը: