Իմ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 5-ին «Այո» ասել հանրաքվեին. Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

դավիթ սանասարյան

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջունում եմ Գորիսում վարչապետ Փաշինյանի՝ նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական- հռչակագրի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ելույթը։

Հանրաքվեների միջոցով ցանկացած կարևորագույն հարցի լուծումը համապատասխանում է մեր կողմից դավանած ժողովրդավարական սկզբունքներին։ Եվ տվյալ պարագայում Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը նույնպես ընդունելի է։ Եվ, քանի որ քաղաքական գնահատական է տրվելու նախորդներին և դրանից բխող գործընթաց է սկսվելու, Սահմանադրական փոփոխությունների նոր գործընթաց է նախաձեռնվելու, ես հանարքվեին ասելու եմ #ԱՅՈ։

Իմ վերաշարադրմամբ համառոտ ներկայացնում եմ քաղաքական գնահատականը.

1. Փաստում ենք, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականը համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները, հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։

2. Փաստում ենք, որ Հայաստանում ձևավորվել և գործել է կոռուպցիոն համակարգ, և այդ երևույթը համակարգային բնույթ է կրել մինչև 2018 թվականը։

3. Պետական ինստիտուտները բռնազավթվել և մեծ մասամբ ծառայել են անձնային և խմբային շահերին, որի արդյունքում վերոնշյալ կոնտինգենտը կուտակել է միլիարդների հասնող հարստություն։

Ինչ պետք է անել.

1. Ընդունել նոր և պետության շահը սպասարկող Սահմանադրություն,

2 Ապօրինի կուտակած հարստությունը իրավական ճանապարհով վերադարձնել պետական գանձարան։

3. Համակարգային փոփոխությունների գործուն մեխանիզմների ներդրմամբ լուծել բիզնեսի և իշխանության տարանջատման հարցը։

Հետևաբար, ՀՀ բոլոր քաղաքացիներին և հատկապես շուրջ 15.000 իմ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 5-ին #ԱՅՈ ասել հանրաքվեին։

Հ.Գ. վերոնշյալ գնահատականն ու անհրաժեշտ քայլերի թվարկումն ամբողջական չէ, ինչը ենթադրում է, որ մինչև հռչակագրի ընդունումը պետք է լուրջ աշխատանք տանել»։