Բալասանյանը Փաշինյանին կոչ է անում հրապարակել Արցախի դավադիր ուժերի ցուցակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Վիտալի Բալասանյան.

Արցախում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ կոչ է անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արցախում դավադիր ուժերի մասին, ես դրանք ինձ չեմ վերագրում։ Ես չգիտեմ՝ որո՞նք են այդ դավադիր ուժերը, որոնց առ այսօր մենք չենք տեսել։ Մենք չտեսանք այն դավաճաններին, որոնց չպետք է Արցախի ժողովուրդն իր ձայնը տա»,-ասել է նա։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ներկայացնում է ՀՀ նախկին իշխանությունը, Վիտալի Բալասանյանը նշել է, որ դա աբսուրդ է։

«Ինձ համար մեծ պատիվ է եղել բոլոր նախագահների հետ ծառայել, իմ անցած ճանապարհը, իմ տոհմը, իմ չափանիշները չեն համապատասխանում, որ ես «որևէ մեկի մարդը» լինեմ։ Ես իմ երկրի, ժողովրդի մարդն եմ և պարտական եմ իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է Արցախի նախագահի թեկնածուն և վարչապետի հայտարարրությունները որակել «պոպուլիզմ, մանիպուլյացիա, վտանգավոր հայտարարություններ»։

«ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը պետք է ձեռնպահ մնա նման հայտարարություններից և հանրության առաջ ներողություն խնդրի այդ բառերի համար։ Ժամանակը կգա, մենք կբարձրաձայնենք, և նույն Նիկոլ Փաշինյանը և բոլորը պատասխան են տալու այդ բառերի համար»,-ասել է Բալասանյանը։