Թուրքիայում անհայտ անձինք հարձակում են գործել քրդամետ կուսակցության կառույցի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Թուրքիա

   

Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են երկրում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Անկարայի Քեչիօրեն շրջանի կառույցի վրա: Գրել է Ermenihaber-ը։

Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ` անհայտ անձինք կոտրել են կուսակցության շրջանային կառույցի պատուհանները, անվտանգության տեսախցիկները, պատռել են կուսակցության դրոշները, փոխարենը կախելով  Թուրքիայի պետական դրոշը:

Նշվում է, որ վերոհիշյալ անձինք կուսակցության շենքի պատին փակցրել են նաև սպառնալից գրություն, որտեղ նշված են Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական կառավարական բանակի հետ բախումներում սպանված թուրք զինվորների անուններն և «Նրանք բարևում են» գրառումը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները քրդամետ HDP-ին դիտարկում են որպես երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) քաղաքական թև: