Պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները կորոնավիրուսի պատճառով կաշխատեն առցանց․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

արարատ աժ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անունից ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին շրջաբերական է ներկայացվել։ Շրջաբերականի տեքստում ասված է․

«Հարգելի՛ գործընկերներ, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։

Ուստի հորդորում եմ, որ, ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից, ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունն այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։

Կոչ եմ անում նաև խստորեն հետևել առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի»։