Հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ է ծախսել․ բացակայել են վերանորոգման վերաբերյալ տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

սպենդարյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարգելի գործընկերներ,

Հայտնում ենք, որ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի, այսուհետ՝ հիմնադրամ, կողմից 21.03.2018 հրապարակված 2017 թվականի գործունեության հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ  է ծախսել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների և օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման վրա:

«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:

Հիմնադրամը խախտելով  «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի  անունը:

Հիմնադրամը խախտելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ  հոդվածի 1-ին մասի պահաջները՝ որպես իր ապրանքային նշան  օգտագործում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» շենքի պատկերը: 

Վերոգրյալից ելնելով՝ խնդրում ենք «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն օժանդակելու նպատակով միջոցներ չտրամադրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամին: