Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավորուս1

Փետրվարի 24-ին Թուրքիային սահմանամերձ իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի Ձորադիրի Սուրբ Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով մասնավորապես փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ եկեղեցու հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին.

1. Արդյոք ճշտվե՞լ է այն վնասը, որը կրել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին:

2. Պատմական ու ճարտարապետական առումով եզակի համարվող եկեղեցու վնասները վերականգնելու համար գումար հատկացվելու՞ է: Հնարավորինս շուտ սկսվելու՞ են վերակառուցման աշխատանքները:

3. Վանում գտնվող և երկրաշարժից վնասված մյուս մշակութային ժառանգությունների համար վնասների ճշտման համապարփակ աշխատանք արվե՞լ է:

4. Վանի մշակութային հուշարձանները գույքագրվա՞ծ են:  

5. Ո՞րն է Ձեր նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, նորոգման ու որպես մշակութային հուշարձան հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ: