Անգամ Բրեժնևի համար նման պաստառներ չէին տեղադրում․ Բաբայանը՝ Արցախի քարոզարշավի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

դավիթ (

Նախագահական ընտրապայքարում որպես թեկնածու առաջադրված՝ Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ, ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում: 24News-ի հետ զրույցում Բաբայանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ այս ընտրություններն առանձնանում են թեկնածուների ու կուսակցությունների մասնակցության աննախդեպությամբ, ինչը գուցե բնական է ու բնորոշ ժողովրդավարական հանրությանը։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական գործիչներն ու թեկնածուները PR-ի այնպիսի մեխանիզմներ են կիրառել ու կիրառում, որ ինքնասիրահարվածության դրսևորման է նմանվում։

«Ստեփանակերտում այնպիսի մեծության պաստառներ են փակցնում, որ նույնիսկ Լեոնիդ Բրեժնևը կնախանձեր անձի՝ նման պաշտամունքի մասին։ Իհարկե, լավ է կրեատիվությունը, մտքերն ու գաղափարները նոր ձևով մատուցելն ու տարածելը, բայց քիչ է մնում սարերի վրա անգամ պաստառներ տեղադրեն, ինչն, ըստ իս, գեղեցիկ չէ։ Մի երկրում, որտեղ բոլորը խոսում են մարդկանց կենսամակարդակի բարձրացման, կարիքավոր մարդկանց օգնելու մասին, նման պաստառները շռայլություն են։ Դրա փոխարեն կարիքավորներին կարելի է օժանդակել»,- ընդգծեց նախագահի թեկնածուն։

Դավիթ Բաբայանը նաև նշեց՝ թեև արցախյան ընտրությունների ժամանակ մշտապես գաղափարախոսությունն է գերիշխողը եղել, այժմ սակայն գաղափարախոսության փոխարեն գաղափորախոսություն է, այսինքն՝ փորի կարիքներն են առաջնային։

Պահպանողական կուսակցության ղեկավարի համար պաշտպանության բանակի տարածած հայտարարությունում, որով կոչ է արվում բանակը չներքաշել քաղաքական գործընթացների մեջ, արտառոց որևէ բան չկա, քանզի ցանկացած ընտրությունից առաջ էլ լինում են նմանատիպ հայտարարություն-հորդորներ։

«Եթե անգամ ինչ-որ մարդիկ փորձեն բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ապա ամեն բան պետք է անել դա թույլ չտալու համար։ Դա, առաջին հերթին, սպաներին ուղղված կոչ էր»,- հավելեց Արցախի նախագահի թեկնածուն։

Դավիթ Բաբայանը, անդրադառնալով տեսակետին, թե կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ պետք է հետաձգել նաև Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, ընդգծեց․ «Մարտի 31-ին նշանակված ընտրությունները հետաձգելու կարիք չեմ տեսնում։ Չգիտեմ, թե 5 կամ 10-ն օրից ինչ կլինի, բայց այս պահի դրությամբ նման վտանգ չկա»։

Վրույր Սևակ