Արցախցին չպետք է թույլ տա կամակատար իշխանություն Արցախում. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Վիտալի

Մարտի 14-ին Վիտալի Բալասանյանը եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունը շարունակեցին քարոզարշավը Մարտունու շրջանի գյուղական համայնքներում:

«Պետական սահմանի պաշտպանության ձեւաչափը փոխելու ենք։ Բանակում լուրջ խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն։ Հասարակական կազմակերպությունների եւ այլ կառույցների անվան տակ կասկածելի տարրեր ներխուժում են բանակ՝ չի կարելի։ Բանակի վերահսկողը եւ պատասխանատուն պետք է լինի միայն պետությունը»,- հայտարարեց ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նրա ու իր թիմակիցների՝ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հիմնական առանցքում ունենալով երկրի անվտանգության եւ արդարության հաստատման հարցերը։

Վիտալի Բալասանյանի խոսքով, եթե ժամանակին պահվեր այն արդարության սկզբունքը, երբ «հացն ու մահը հավասար կիսում էինք», այժմ երկիրն այս դժվարին իրավիճակում չէր հայտնվի՝ բոլոր առումներով։

Չէր լինի 2016-ի ապրիլը, չէր լինի տնտեսական այն ծանր կացությունը, որի պայմաններում ապրում է հաղթանակած ժողովուրդը։ Տարածաշրջանում լուրջ խմորումներ են ընթանում, եւ այս պայմաններում արցախցին չպետք է թույլ տա կամակատար իշխանություն Արցախում։ Գերտերություններն իրենց պլաններն ունեն, որոնցից մեկն էլ Արցախում համատեղ բնակության ծրագրի իրականացումն է։ «Ես դեմ եմ դրան։ Այն մեծ վտանգներ է պարունակում։ Դրա հետեւանքով էր, որ ունեցանք 1988-ը։ 1920-ականներին նման մի ծրագրի հետեւանքով Արցախի հայկական գյուղերը հայտնվել էին ադրբեջանական բնակավայրերի մի քանի օղակից բաղկացած շրջափակման մեջ։ Անցանք ազատագրական պայքարի այս դժվարին ճանապարհը, պատմությունը բոլորիս է հայտնի։ Այսքանից հետո այժմ նորից քննարկել համատեղ բնակության ծրագիր, ուղղակի կործանարար է։ Ուզում են Լաչինի հարավային շրջանում նման բան իրականացնել, չի կարելի թույլ տալ»,- հայտարարեց Արցախի հերոսը։

Առաջնային են ինչպես բանակի եւ պահեստազորի խնդիրների լուծումն, այնպես էլ քաղպաշտպանության հարցերը, որոնց առումով եւս արցախցին պետք է պահանջատեր լինի իշխանությունից։ Դեռեւս 2017-ին իր անմիջական մասնակցությամբ այդ փաթեթները մշակվել են, սակայն այդպես էլ պատշաճ գործողության մեջ չեն դրվել։

Այնինչ, քաղպաշտպանությունը միայն պատերազմը չէ, կան բազմաթիվ այլ աղետներ, որոնց Արցախը պետք է պատրաստ լինի դիմակայել։

«Նույն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու մասին ենք խոսում այժմ, հենց քաղպաշտպանության խնդիր է։ Արցախը պետք է հարյուր տոկոսով պատրաստ լինի ցանկացած պաշտպանության, այլընտրանք չունենք»,- նշեց Բալասանյանը։