Մեր ժողովուրդը դարձյալ գտնվում է նոր փորձանքի դեմ հանդիման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ԱրամԱ

«Ցնցված է ողջ աշխարհը: Տագնապը, խուճապը ու անորոշությունը դարձել են տիրական ներկայություն բոլո՛ր երկրամասերից և բոլո՛ր ազգերի կյանքից ներս»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել պատգամով։

Նրա պատգամավորմ ասվում է.

Գիտնականներ, բժիշկներ, պետական թե կրոնական պատասխանատուներ, յուրաքանչյուրն իր ոլորտում, փորձում են կասեցնել կորոնավիրուս կոչվող ժահրի պատճառած համաճարակը: Սակայն, հակառակ տարվող հետևողական աշխատանքներին, փաստորեն, համաճարակը սարսափ ու մահ է սփռում ամե՛ն տեղ:

Մենք, խորապես մտահոգ ենք մեր ժողովրդի զավակների նկատմամբ և մոտիկից հետևում ենք Հայաստանի և Սփյուռքի գաղութներում ստեղծված մթնոլորտին: Իր դարավոր պատմության ընթացքին ահավոր փոթորիկներ անցած մեր ժողովուրդը դարձյալ գտնվում է նոր փորձանքի դեմ հանդիման: Հարկ է լինել իրապաշտ, խոհեմ և զգույշ: Հարկ է անհատական և հավաքական ճիգով ու պատասխանատու մոտեցումով դիմագրավել այս վտանգալից տագնապը:

Արդ, հայրական կոչ ենք ուղղում մեր սիրելի զավակներին.

1) Յուրաքանչյուր հայ, ընտանիք կամ համայնք, յուրաքանչյուրն իր անմիջական ծիրից ներս, բարձրագույն աստիճանի լրջությամբ, զգուշավորությամբ ու պատասխանատվութեամբ պետք է մոտենա համայն մարդկությունը ու նաև մեր ժողովուրդը հուզող ներկա կացությանը:

2) Տեղական թե միջազգային լրատվական ցանցերը մնայուն կերպով լայն տեղեկություններ են փոխանցում համաճարակի մասին ու մանավանդ անհրաժեշտ լուսաբանություն և ցուցում են տալիս՝ այն հաղթահարելու գործնական հնարավորությունների ու միջոցների գծով: Անհրաժեշտ է մոտիկից հետևել տրված մասնագիտական բացատրություններին և առավելագույն չափով գործադրել դրանք մեր անհատական, ընտանեկան թե հավաքական կյանքում:

3) Բժիշկների կողմից կատարված զգուշավորության կոչի մեջ հիմնականը՝ հեռու մնալ է ֆիզիկական ու սոցիալականն շփումներից, հարաբերություններից և հավաքներից: Մեր անձի, ընտանիքի, համայնքի, ազգի և բոլորի առողջության համար անհրաժեշտ է հատուկ կարևորությամբ նկատի ունենալ այս պարագան: Բոլոր մասնագետների համոզումով, հիշյալ գործնական միջոցներով միայն կարելի է կասեցնել ներկա համաճարակի տարածումը:

Սակայն, աղո՛թքը պետք է դառնա մղիչ ուժը մեր կյանքի, մեր մտածումների ու գործերի: Հավատքով շաղախված աղոթքն է, որ մեզ հոգեկան քաջություն է տալիս դիմագրավելու կյանքի բոլոր չարերն ու չարիքները: Մեր Տերը Հիսուս Քրիստոսն ասել է՝  «Ինչ որ աղօթքով խնդրէք, հաւատացէք որ պիտի ստանաք և ձեր խնդրանքը պիտի տրուի ձեզի» (Մր 11.24): Սիրելի հայորդիներ, «Միշտ աղօթեցէ՛ք, որ արժանի ըլլաք այս պատահելիքներէն ազատելու», Աստուծոյ որդւոյն խոստումին համաձայն:

Հետևաբար, եկէ՛ք դառնանք Քրիստոսին ու Սաղմոսին աղօթասաց բառերով ըսենք.- դո՛ւն ես իմ յոյսը, Տէր, ... ինձմէ հեռու մի մնար, փութա՛, ինծի օգնութեան հասիր (71. 5,12):

Այս հավատքով ու հույսով, եկեք միասնաբար աղոթենք մեր եկեղեցու աղոթքի պարզ, սակայն խորունկ բառերով. «Ո՜վ Տէր, մեր Աստուածը, քու ժողովուրդէդ փարատէ՛ ցաւերը և բժշկէ՛ հիւանդութիւնները. կատարեալ առողջութիւն շնորհէ բոլորին՝ քու ամենայաղթ Խաչիդ նշանով, որով մարդոց տկարութիւնները քու վրադ առիր և դատապարտեցիր կեանքի ու փրկութեան թշնամին: Դո՛ւն ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերա՜ր և բազումողորմ Աստուած. միայն դո՛ւն կրնաս մեր մեղքերը ներել և ցաւերն ու հիւանդութիւնները վանել մեզմէ, որովհետև քեզի ծանօթ են մեր կարիքները: Ո՜վ բարիքներու Պարգևիչ, իւրաքանչիւրին կարիքներուն համաձայն՝ քու առատ ողորմութի՛ւնդ պարգևէ արարածներուդ, որոնք միշտ կը փառաւորեն ու կ'օրհնաբանեն քեզ ամենասո՜ւրբ Երրորդութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն»: