Արագածոտնի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակվածներ չկան․ անցկացվել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News     

կորոնավիրուս

ՀՀ Արագածոտնի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ՊԵԿ Արագածոտնի մարզային կառույցների ղեկավար կազմը, ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Արագածոտնի մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանին ենթակա բժշկական կենտրոնների տնօրենները և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և որոշվել է․

Տեղեկատվության փոխանցման, կեղծ տեղեկատվությունը օպերատիվ կերպով բացահայտելու և հասարակության մեջ վարակի կեղծ դեպքերի ասեկոսեներով պայմանավորված անտեղի խուճապ չառաջացնելու նպատակով՝ ապահովել սերտ համագործակցություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և ուժային կառույցների միջև:

Ինտենսիվ աշխատանքներ իրականացնել հնարավոր վարակակիրների բացահայտման ուղղությամբ: Հայաստան ժամանած կամ ժամանող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես վերջիններիս պարտադիր բուժզննման ենթարկել: Բուժօգնություն տրամադրելիս խստիվ բացառել սիրողական և հայեցողական մոտեցումները, ցուցաբերել մասնագիտական մոտեցում:

Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ հաստատված վարակակիրներ չկան: Այլ երկրներից Արագածոտնի մարզ են ժամանել 34 քաղաքացի, որոնք զննվել են, գանգատներ չունեն և գտնվում են հսկողության տակ: Մեկուսացվել է 2 քաղաքացի, որոնց 14-օրյա կարանտինային ժամկետը լրացել է, վերջիններս զննվել են և լիարժեք առողջ են:
Արտերկրից Արագածոտնի մարզ ժամանած բոլոր անձինք ենթարկվում են պարբերական ստուգման և մշտական վերահսկողության տակ են:
Ռիսկային երկրներից վերադարձածների ողջ շրջանակը պարզելու և այն պատասխանատու բոլոր օղակներին հասանելի դարձնելու համար հանձնարարվել է համագործակցել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Արագածոտնի մարզի ենթակայության 4 բուժհաստատություններում առանձնացվել են մեկուսացված հատվածներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մեկուսացում:
Այս պահին այդ տեղերից ոչ մեկում մեկուսացվածներ չկան։

Մարզն ապահովված է շտապօգնության մեքենաների բավարար քանակով: Հանձնարարվել է ձևավորել շտապօգնության երկրորդ խմբեր /բրիգադներ/, որոնք կսպասարկեն այլ երկրներից վերադարձած կամ վիրուսի ախտանիշեր ունեցող անձանց:

Մարզի բուժհաստատություններն ապահովված են մեկանգամյա օգտագործման արտահագուստով և բժշկի մեկուսացումն ապահովելու համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաներով:

Մարզի դեղատները և խանութները հիմնականում ապահովված են ալկոգելով և հակամանրէային ախտահանիչ նյութերով: Դրանց բացակայությունը լինում է ժամանակավոր:

Հանձնարարվել է ապահովել մարզի երթուղիները սպասարկող հասարարական տրանսպորտի ախտահանումը /հանձնարարականի կատարման նկատմամբ մարզպետի կողմից իրականացվելու է խիստ հսկողություն/:

Պարբերաբար բուժզննման ենթարկել ջրամատակարարման ոլորտի՝ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների առավել մոտ գտնվող աշխատակիցներին: Հիվանդության որևէ ախտանշան հայտնաբերելուն պես մեկուսացնել և բացառել հիվանդության ախտանիշեր ունեցող անձանց աշխատանքներում ներգրավելը:

Աշխատանքներն իրականացնել համակարգված, մշտական կապի մեջ լինել համայնքների ղեկավարների, բուժհաստատությունների ղեկավարների, համաճարակաբանների և միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների աշխատակիցների հետ:

Մշակվել են «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) բերովի դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» և «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) երկրորդային դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլանները, աշխատանքներն իրականացվում են պլաններին համապատասխան:

Արագածոտնի մարզում իրավիճակը վերահսկելի է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ»։