ԱԱԾ տնօրենի մասով որոշումը կայացվել է․ ով կնշանակվի ԱԱԾ տնօրեն. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին:

Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու օր է մնացել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է:

Նկատենք, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն: Եվ տեղեկությունների համաձայն՝ նա այս ընթացքում փորձում էր ոչ միայն հարմար թեկնածուներ փնտրել, այլ նաեւ հետեւում էր նրանց աշխատանքին: Եվ, ահա, արդյունքը եղավ այն, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կվերանշանակվի: ՀՀ ոստիկանապետի մասով դեռ հստակ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում