Օպերայի թատրոնը ֆեյսբուքյան էջի միջոցով կցուցադրի ներկայացումների տեսաձայնագրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

օպերա

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօրվանից՝ մարտի 17-ից, կցուցադրի խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից: «Հարգելի բարեկամներ, տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,- հայտարարության մեջ նշել է Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Նշվում է, որ այսօր՝ մարտի 17-ին, ժամը 20։00-ին թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվի Կ. Խաչատրյանի «ՉԻՊՈԼԻՆՈ» բալետային ներկայացումը:

«Հետևեք մեր էջի նորություններին, որպեսզի տեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ Մեզ համար անչափ կարևոր է այս ընթացքում չդադարեցնել ձեզ հետ կապը։ Վայելենք օպերային և բալետային լավագույն ներկայացումները տան պայմաններում»,- ասված է թատրոնի հայտարարության մեջ: