Միտումնավոր արվեց, որ վարչապետների դատարան գալն անհնարին դարձնեն․ Հայկ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չկայացավ, նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չէր ներկայացել դատական նիստին։ Ներկա էր միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ առավոտյան են տեղեկացել, որ չի կայանալու նիստը, և եկել էին դատարան, որպեսզի բացատրություն ստանան։

«Պատշաճ չէ, որ հեռախոսազանգով են տեղեկացնում, որ դատական նիստ չի լինելու։ Երևի իրենց պատվից ցածր համարեցին, որ գան ու բացատրեն», - նշեց պաշտպանը և հավելել, թե կասկածներ կան՝ միտումնավոր է:

«Կասկածներ ունենք, որ այս ամենը միտումնավոր արվեց, որ վարչապետների դատարան գալն անհնարին դարձնեն, որ նրանցից մեկը կամ երկուսը հանրապետությունում չլինեն և չկարողանան ներկա գտնվել նիստին»,-ասաց նա։

Հայկ Ալումյանը նշեց, որ հաջորդ նիստի ընթացքում դատավորից պահանջելու են մանրամասնել առողջական խնդիրների մասին, որ համոզվեն, որ երաշխավորների ներկայությունն անհնարին դարձնելու նպատակ չէր հետապնդում տեղի ունեցածը։

Նշենք, որ մարտի 17-ի դատական նիստի ընթացքում Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է հանդես գային Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ: