ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը մինչև ապրիլի 14-ը դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՀՖՖ

Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈւԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈւԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը: ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը:

Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈւԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:

ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈւԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները: