Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

մխիթար հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը՝ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով: Այս մասին նշված է Մխիթար Հայրապետյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն:

Կարևորելով Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու հնարավորությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էինք այց կատարել մեր բարեկամ երկու երկրներ:

Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու:

Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ, վստահեցնում եմ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպենք: Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում», - ասվում է ահայտարարության մեջ: