Արտաշատում առանց համապատասխան լիցենզիայի կատարվել են տարադրամի փոխանակման գործարքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

լիցենզիա

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես` օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի, ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման գործարքներ։

Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ Արտաշատում` շուկայի հարակից տարածքում, ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո արտարժույթի փոխանակում իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ։ Վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում` արտարժույթ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ հասարակական վայրերում, ինչպես նաև առևտրի կազմակերպման վայրերին հարակից տարածքներում առանց համապատասխան թույլտվության տարադրամի փոխանակման գործարքներ կատարելուց։