ԶՈւ -ում ամեն ինչ արվում է զինծառայողներին առողջական խնդիրներից զերծ պահելու համար․ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

ԳՇ Պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձով դիմել է պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը երկրում հաստատեց արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա:

ՀՀ ԶՈւ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:

Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.

  1.  Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին,
  2. Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
  3. Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:
  4. Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:

Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը:

Առողջություն եմ մաղթում բոլորիս»: