«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ ինքնամեկուսացեք տանը. Նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հասարակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա:

««Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․

կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Հայաստանում գտվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․

իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Խնդրում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը»,- գրել է նախարարը։