Սերգեյ Մեղրյանի նշանակման համար հատուկ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

սերգեյ

Տպագիր մամուլում, այնուհետև լրատվական կայքերի մամուլի տեսությամբ այսօր հրապարակվել է «Օրենքը փոխվեց, որ արդարադատության նախարարի ընկերը դառնա գլխավոր հարկադիր կատարող» հոդվածը, որում, մասնավորապես, նշված է, որ «նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ»:

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Բադասյանը, մինչև վերջին ժամանակահատվածը, Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին:

Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին՝ ապա հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 65 օրենքների նախագծերը ներկայացվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից, որոնք, ի թիվս այլնի, բխում էին հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում Կառավարության որդեգրած և իրականացվող քաղաքականությունից։               

Այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այլև Քրեակատարողական և Փրկարար ծառայություններում են կատարվել համապատասխան փոփոխություններ: Մեկ տասնյակից ավելի այլ օրենքներում վերանայվել են պաշտոններին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, պնդումները, թե Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին հատուկ իրեն նշանակելու համար կատարվել է օրենքի փոփոխություն, իրականությանը չեն համապատասխանում։