Ավագանին փոփոխություն է կատարել 2020-ի բյուջեի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

քաղաքապետարան

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ ավագանու խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո Երևանի քաղաքապետի որոշմամբ ավագանու հերթական նիստն անցկացվեց ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում: Նիստի համար ապահովված էին տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու հակահամաճարակային համապատասխան միջոցառումները:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Մարությանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին «առաջին գծում» աշխատելու և իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար, ինչպես նաև ավագանու անդամներին ու քաղաքապետարանի, վարչական շրջանների և համայնքային ենթակայության բոլոր այն ստորաբաժանումների աշխատակիցներին, ովքեր այս օրերին շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները: 

«Քաղաքապետարանը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով: Կային տարբեր կարծիքներ՝ անցկացնել նիստը, թե չանցկացնել. կյանքը շարունակվում է, պետությունը պետք է գործի և եթե մենք ընտրել ենք համայնքային ծառայողի աշխատանքը, ապա պետք է գիտակցենք, որ պետք է աշխատենք նաև արտակարգ դրությունների ժամանակ»,- նշել է քաղաքապետը: 

Ավագանին հավանություն տվեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին: Դրանք, ի դեպ, ներկայացված են եղել հանրային քննարկման՝ հանրային բաց լսումների եղանակով:

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու վերանորոգման, կանաչապատման աշխատանքների համար 14 անուն 69 մեքենասարքավորումներ և աղբի տեսակավորման սարքավորումներ ձեռք բերելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: 

Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 28-ին: