ԵԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում հակամարտության գոտիներում, այդ թվում Արցախում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։
ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որը ներկայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:

Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»,-ասված է հայտարարությունում:  

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել էր , որ դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:

«Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև այլ սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:

Հաշվի առնելով վերը նշվածը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են սահմանափակումները:

Միաժամանակ,  ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»,- ասել էր նա։