Կառավարության հերթական նիստն էր, ու հերթական անգամ քննարկվեց հանձնարարականների չկատարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Սարհատ Պետրոսյան

 Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«…Հավատամքով, որ լանդշաֆտն անհատական ու սոցիալական բարեկեցության հիմնական գործոնն է, և որ լանդշաֆտի պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը իրավունքներ և պարտականություններ են առաջացնում յուրաքանչյուրի համար…»։

Սա հատված է Լանդշաֆտի (կենսապատկերի) եվրոպական կոնվենցիայից, որը Հայաստանը ստորագրել է դեռ 2000 թվականին։ Այս կոնվենցիայի կիրարկումը Հայաստանում (անհասկանալի պատճառներով) դեռ ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, այն դեպքում, երբ նույն կովենցիան կենսապատկերը համարում է մշակութային ժառանգության մաս։

Երեկ կառավարության հերթական նիստն էր, ու հերթական անգամ քննարկվեց հանձնարարականների չկատարումը, որը հերթական անգամ վերաբերում է այս պահին «քաղաքաշինություն» համարվող բնագավառին։ Քաղաքաշինություն կոմիտեն հպարտորեն ներկայացրեց մոդուլային բազմակի օգտագործման մանկապարտեզների նախագծերի դարակազմիկ գաղափարը (հղումը՝ մեկնաբանությունում), վարչապետը նշեց, որ մանկապարտեզը շենք չէ միայն, (հազվադեպ ինստիտուցիոնալ մոտեցման ջատագով) ֆինանսների նախարարը հարցրեց, թե Քաղաքաշինության կոմիտե՞ն «տուտ պռիչյոմ»։ Ճիշտ է, այն չհաստատվեց, սակայն մեկ անգամ ևս մատնանշվեցին իմ և ուրիշների բազմիցս բարձրաձայնած մի քանի կարևոր խնդիրներ։ Ինքնամեկուսացումը լավ առիթ է այս թարմ օրինակով մեկ անգամ ևս անդրադառնալու այս ամենին։

Հայցում եմ Ձեր ներողամտությունն, ինչ որ երկար ստացվեց, բայց կարծում եմ կարևոր է այս մասին գրել։

Ա. Մոդուլային բազմակի օգտագործման նախագծերը հակասում են կենսապատկերի պահպանության ու զարգացման ֆունդամենտալ գաղափարին, որը տարածական պլանավորման (իմա՝ քաղաքաշինության) կարևորագույն խնդիրներից է։ Մեր քաղաքներն ու գյուղերը պետք է լինեն առանձնահատուկ, ու այս դեպքում Մեղրի, Գորիս, Գյումրի ու Իջևան քաղաքներում նույն նախագծով շենքեր կառուցելը մասնագիտական հանցագործություն է։ Այո՛, պետությունը պետք է ունենա համընդհանուր չափորոշիչներ մանկապարտեզների համար, բայց դրանք չպետք է լինեն նույնական տարբեր բնական ու մշակութային կենսապատկեր, կլիմայական պայմաններ ու շինարարական մշակույթ ունեցող բնակավայրերում։ Մենք խորհրդային տարիներին արդեն այդ սխալը թույլ տվել ենք ու հիմա ունենք բազմաթիվ անհետաքրքիր քաղաքներ, ինչպես վարչապետը մեկ անգամ ևս երեկ ասեց՝ «մեր բնակավայրերում, և հատկապես գյուղերում, գույն ընդհանրապես չկա»։ Այս՝ առաջին հայացքից պրիմիտիվ թվացող, գաղափարը հենց տեղական կոլորիտի ու առանձնահատուկ կենասպատկերի մասին է, և եթե դրան ավելացնենք մի քիչ մասնագիտական գիտելիք ու բացառենք նախկին սխալների կրկնությունը, ապա մենք կունենանք «գունավոր» քաղաքներ ու գյուղեր։

Բ. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական հաստատությունների կառավարումը համայնքային գործառույթ է, ու ի՞նչ գործ ունի կառավարությունն այնտեղ։ Այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ ու, կարծում եմ, սրան պետք է ուշադրություն դարձնել։ Եթե պետությունն, օրինակ Ռանչպարում, մանկապարտեզ է կառուցում, ապա ինչու՞ այլ տեղերում չի անում դա։ Վերջերս մի համայնքում բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրուցում էինք, ու նա ասաց, որ չնայած իրենք մեկ մանկապարտեզի կարիք էլ ունեն, սակայն ներկա պայմաններում, երբ արդեն չունեն օտարման ենթակա հողեր (???) և մնացել են գույքահարկի հույսին, ապա այլևս չեն կարող իրենց թույլ տալ ևս մեկ մանկապարտեզի պահպանություն, եթե դրա կառուցման ու կահավորման համար իրենցից գումար չպահանջվի։ Կարծում եմ, որ նման դեպքերը կարևոր են, ու պետք է ժամանակ առ ժամանակ քննարկվեն համայնքների հետ։ Այստեղ բախվում են մի շարք խնդիրներ, համայնքների զարգացման ինքուրույնության ու կարողության պակասն ու պետության ցանկությունը, որ ինքը լինի համայնքը զարգացնողն՝ իր քաղաքական (հասականալ՝ ընտրական) cash-back-ով։

Գ. Ի՞նչ գործ ունի Քաղաքաշինության կոմիտեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (տե՛ս Բ կետը) գործառույթների հետ։ Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը մի քանի ամիս առաջ մի հարցազրույցում ասում էր՝ ինչո՞ւ պետք է բոլոր նախարարություններում լինեն շինարարության համար պատասխանատու ստորաբաժանումներ, բոլորը պետք է կենտրոնացնել իրենց մոտ՝ ոնց որ խորհրդային տարիներին։ Մի կողմ թողնելով Քաղաքաշինության կոմիտեի՝ որևէ բարեփոխում անելու կարողությունը (վերջին երկու տարիներին մասնավորապես) հասկանանք, թե առհասարակ ինչ գործառույթներ ունի պետությունն այդտեղ (կարծում եմ, որ շուտով դրան անդրադառնալու առիթ ևս կլինի), ստացվում է, որ պետք է փակել բոլոր մարմինների, ֆինանսական, իրավաբանական, գնումների, առաջին բաժինները, քանի որ արդեն կան դրա համար մարմիններ։ Հատկապես հաշվի առնելով պետական շինարարության (խայտառակ) որակը՝ նախկինում ու ներկա պահին (դատելով նախագծերից), ապա պետությունը պետք է ոչ պետական մարմինների ու փորձագետների հետ մշակի, թե տարբեր մարմիններ, առանց պետական մի մարմնի միջամտության, ինչպես կարող են իրականացնել որակյալ ծրագրեր, համապատասխան նախագծերով, շինարարությամբ ու հսկողությամբ։ Դա շատ պարզ սխեմա է ու նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Ուղղակի անհրաժեշտ է մի քիչ ցանկություն, մի քիչ երևակայություն, մի քիչ հանրային կառավարումից գաղափար ու մի քիչ էլ՝ շինարարության ոլորտից փորձ։

Դ. Մեկ այլ շատ կարևոր խնդիր ևս բարձրացվեց։ Շենքի կահավորումը ևս պետք է ներառվի նախագծի մեջ։ Այս մասին անգամներ խոսվել է թե՛ մասնագիտական, թե՛ հանրային կառավարման մարմինների հետ քննարկումներում։ Մինչև այն պահը, որ մենք նախագծողին, այսինքն ճարտարապետին, չկարևորենք այնքան, որ նա թե՛ մտածի կահավորման ու ներքին ձևավորման, թե՛ պատշաճ շինարարության հրապարակում հեղինակային հսկողության իրականացնի, մենք չենք ապահովելու որակյալ շենքերի։ Սրա հիմնական մեխը գտնվում է նախագծողի ընտրության պրոցեսում, քանի որ նման բարդ գնման ու միայն գնի հիման վրա նախագծողի ընտրության պրոցեսում մենք չենք ունենալու նորմալ նախագծային կազմակերպություններ, եթե իհարկե չենք մոգոնում ինչ որ շրջանցող մեխանիզմներ։ Բացառությամբ 1-2 նախագծային կազմակերպության, որևէ այլ լուրջ նախագծային կազմակերպություն (խոսքը չի վերաբերվում մասնագիտացված ինժեներական կազմակերպություններին) չի մասնակցում պետական տենդերներին։

Ե. Ֆիքսենք նաև, որ ֆինանսների նախարարը «քաղաքաշինություն» ասելով հասկանում էր շինարարություն, վարչապետը մեկ անգամ նաև օգտագործեց «պլանավորում» եզրույթը։ Սա ուղղակի ֆիքսենք ու անցնենք առաջ։ Այս մասին դեռ կխոսենք բնագավառի եզրույթների մասին խոսելիս։

Զ. Հանձնարարականների մասով առաջարկում եմ աչքի տակով անցկացնել հնգամյա ծրագրով կատարվելիքները, ինչպես նաև կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականները։ Օրինակ, արևային էներգիայի օգտագործումը հանրային կառույցներում (2018), սողանքային տարածքներում ճանապարհների խնդիրները (2019), Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը (2019), ինչպես նաև օդի մեջ ասված, բայց չիրականացված քաղաքաշինական կադաստրը, հողային «նոր» օրենսգիրքը, շինարական թույլտվությունների e-permits առցանց համակարգը և այլն։

Կորոնավիրուսի ճգնաժամից ուժեղ դուրս գալու բանալին հենց այստեղ է նաև։ Իսկը ժամանակն է՝ մասնագետներին (և ոչ դիլետանտներին), որոնք իրոք ուզում են երկրում բան փոխել, առաջարկել ներառական տրամաբանությամբ վերանայել բնագավառը ծայրից ծայր։ Հատկապես հաշվի առնելով որ այս պահին մենք ունենալու ենք ծառայության ու մի շարք այլ ոլորտներում աճի նվազում, ու արդյունքում պետք է շեշտը դնել ՏՏ ոլորտի և ենթակառուցվածքների (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտի ու զբոսաշրջային ենթակառուցվածքների) զարգացման վրա, որոնցից երկրորդի զարգացման բանալին հենց այս բնագավառում է»։