Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ժամանակավորապես փակում է օդային դարպասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

վրաստան

Վրաստանում մարտի 21-ից օդային ծառայություններն ամբողջությամբ կդադարեցվեն: Կորոնավիրուսների հարցերով համակարգող խորհրդի նիստի ավարտին այս մասին ասել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին,- հաղորդում է «Ալիք Մեդիան»:

«Որոշվել է, որ վաղը օդային երթևեկությունն ամբողջությամբ կկանգնեցվի և կիրականացվեն միայն այն չվերթները, որոնք գործարկում են «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը և համաձայնեցված են Վրաստանի կառավարության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի, ով մուտք է գործում Վրաստան, անկախ նրանից, թե որ երկրից է գալիս, տեղափոխվելու է կարանտինային գոտի», — ասել է Չիքովանին:

Մինչ այս՝ մարտի 18-ից, Վրաստանը երկու շաբաթ փակել է սահմանը օտարերկրացիների համար, չնայած վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին ասում է, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են տուն վերադառնալ, կկարողանան վերադառնալ «Վրացական ավիաուղիներ» ընկերության օգնությամբ: Ըստ նրա հայտարարության, Վրաստանի քաղաքացիների ընտանիքի անդամները կունենան նույն հնարավորությունը: