Մեր ինքնամաքրման գործընթացն առաջնահերթություն է. ոստիկանապետը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

քաղաքական

Հայաստանի հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաև մեր ինքնամաքրման գործընթացը։  Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ոստիկանության պետ Արման Սարգսյանը։

«Մեծարգո վարչապետ, առաջին հերթին, ցանկանում եմ Ոստիկանության, կարող եմ ասել, որակյալ մեծամասնության անունից հավաստիացնել, որ մենք զգում ենք բարեփոխման կարիքը: Եվ իբրև հանձնարարական ընդունվել է բոլորի կողմից, որ պետք է քայլել ժամանակին համահունչ: Հայաստանի հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաև մեր ինքնամաքրման գործընթացը, որը մենք կատարում ենք ոչ թե նեղսրտելով, այլ պատվով: Եվ սա իմ նշած որակյալ մեծամասնության շնորհիվ համակարգում ցնցումներ չի առաջացնում, այլ ավելի ամրապնդման գործընթացի է վերածվում:

Նաև ցանկանում եմ հավատացնել, որ բոլորը միակամ են և ուզում են տեսնել Ձեր նշած, Ձեր վկայակոչած երազած Ոստիկանությունը: Նաև ինձ համար մեծ պատիվ է ու կփորձեմ այս դժվարին ժամանակներում, որտեղ ի թիվս այլ խնդիրների, նաև ծառացել է բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ բարեփոխումներին համահունչ հասարակական կարգի ապահովման գործընթացն իրականցնել այնպես, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո դրական հետագիծ թողնեմ մեր համակարգում:

Կարծում եմ, սա մեծ պատիվ է, և գիտակցաբար եմ մոտենում սրան: Շնորհակալություն Ձեզ այս ժամանակահատվածում Ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների նկատմամբ ցուցաբերած այդ հոգածության համար: Ու ինչպես նշեցիք, պարոն վարչապետ, այդ համագործակցությունը կարևորում եմ նաև մեր կառույցների միջև: Վստահաբար կարող ենք ասել, որ նման համագործակցված շփում դեռ չի եղել: Սա խորացման միտում է ունենալու, և աշխատանքով դա կփորձենք ապացուցել: Շնորհակալություն վստահության համար»,– ասել է նա: