Բացահայտվել է Վարդենիսում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Մարտի 15-ին Վարդենիսի Արզոյան փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` հարմարեցած գործիքով, թե բանալիով բացել էին տան դուռն ու խոհանոցից գողացել սառնարանը:

Գողության մասին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում չէր ստացվել: Ոստիկաններն իրենք էին պարզել եղելությունը, գաղտնի հափշտակությունը  կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողություն կատարած անձը նույն փողոցի 28-ամյա բնակիչ է:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Ավելի ուշ հայտնաբերվեց նաև գողոնը, որը նա հասցրել էր վաճառել:Տուժողից ընդունվել է հաղորդում:Հանգամանքները պարզվում են:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: