14 թոքաբորբ, որից 6-ն ինտենսիվ թերապիա են ստանում. Արսեն Թորոսյանի վերջին մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ թոքաբորբ կա:

«Այս պահին 190  պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։

Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր»,-գրել է Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 311 000-ի, մահացել է ավելի քան 12 հազար մարդ, ապաքինվել է մոտ 90 հազար մարդ:

Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: