Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ստամբուլի հայկական եկեղեցու պատարագին մասնակցել են առցանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

թուրքիա

Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը: Նշվում է, որ պատարագը մատուցել է Կրոնական ժողովի ատենապետ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը:

«Լույս» հեռուստաալիքի հիմնադիր և գործադիր խորհրդի նախագահ Արամ Քուրքնը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին համայնքի ներկայացուցիչները կիրակնօրյա պատարագներին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն կունենան: Քուրանը հույս է հայտնել նաև, որ բոլորի աղոթքների ու ձեռնարկած քայլերի արդյունքում համավարակը հնարավորինս շուտ կնահանջի:

Նշված է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Պոլսի հայոց պատրիարքությունը նույնպես պատարագները հեռարաձակում է սոցցանցի իր պաշտոնական էջով, քանի որ այս օրերին դրանք մատուցվում են առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության:    

Նշենք, որ Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կա կորոնավիրուսի գրանցված 1236 դեպք, որից 30-ը՝ մահվան ելքով: