Վարչապետին հայհոյելու համար ներողություն պահանջողների փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Այդ մասին 24News-ին հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):
Գործն ուղղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, «գյուղապետն» էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: 

«Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են այդ «գյուղապետի» հետ և ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է, և տեսանյութում ինքն ամենևին էլ չի զրուցել այդ աղջկա հետ: «Հեղափոխության պահապաններ»-ի այդ գործողությունը հանրահավաքի ժամանակ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք: Հրապարակումների հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում սկսվել էր նյութերի նախապատրաստումը: