Սադախլոյի անցակետը բաց է Վրաստան մտնող բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

,

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք բաց է մարտի 23-ի ժամը 17:00-ի դրությամբ։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների/ավտոբուսների, միկրոավտոբուսների և մարդատար մեքենաների տեղաշարժը։ Ինչպես տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում ՀՀ ԱԳՆ էջից, այս մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ մարտի 20-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը՝ Վրաստանի տարածքում առկա բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մարտի 23-ից մտցված կարանտինային ռեժիմի պատճառով: Արդյունքում՝ Բագրատաշենի անցակետին հարող հատվածում գոյացել էր բեռնատարների մեծ կուտակում»,- ասվում է հայտարարության մեջ։