Գորիսի անպատժելի քաղաքապետն ու իրավապահների անգործությունը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա և տեղակալ Մենուա Հովսեփյանը առևանգել են Գուրգեն Հ.-ին և ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որևէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առևանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Սակայն սա էլ ամենը չէ.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաև 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, և իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ:

Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: