Ողբերգական վթար՝ Վայոց Ձորում. «ԳԱԶ 3110»-ը գլխիվայր ընկել է Արփա գետը. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

վթար

Մարտի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Այս պահին Վայոց Ձորի մարզի դատախազի կողմից հնարավոր է՝ հանձնարարական ստացվի, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվելու գետից և տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։