Ո՞ր ոլորտները կշարունակեն գործունեությունը առաջիկա 7 օրերին. պարետը ցանկ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է որոշ տնտեսական գործունեության տեսակները սահմանափակելու հարցը։ Որոշվել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Առանձնացվել են այն բացառությունները, որոնց գործունեությունը թույլ է տրվելու առաջիկա 7 օրվա ընթացքում։

Այսպիսով այսօրվանից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու հետևյալ տնտեսական գործունեության տեսակները.

  • առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
  • հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
  • Սննդամթերքի արտադրություն
  • Խմիչքների արտադրություն
  • Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների
  • Հարստացած ուրանի արտադրություն
  • Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
  • Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
  • Հիմնական մետաղների արտադրություն
  • Զենքի և զինամթերքի արտադրություն
  • Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
  • Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
  • Մարտական մեքենաների արտադրություն
  • Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
  • Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
  • Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
  • Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
  • Պայթեցման աշխատանքներ
  • Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
  • Հետախուզական հորատում և գայլիկոնում
  • Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
  • Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
  • Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
  • Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
  • Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
  • Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
  • Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
  • Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
  • Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
  • Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
  • Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
  • Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
  • Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
  • Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
  • Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
  • Օդային տրանսպորտի գործունեություն
  • Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
  • Փոստային և սուրհանդակային գործունեություն
  • Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
  • Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
  • Հեռահաղորդակցություն
  • Տեղեկատվական ծառայությունների մատուցում
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն
  • Անասնաբուժական գործունեություն
  • Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
  • Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
  • Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
  • Մաքրման աշխատանքներ
  • Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
  • Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
  • Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
  • Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
  • օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։

Արգելվում է սույն որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

Եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։

Եթե հանրային սննդի գործունեությունն իրականացվում է առաքման եղանակով։

Եթե պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություն է

Եթե սույն որոշմամբ տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարան է (պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը)

Նշենք, որ, ըստ որոշման, պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ բացառություն կարող է լինել նաև սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։

Ինչպես նաև մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

Այս որոշմամբ չարգելված որոշ տնտեսական գործունեությունների համար կգործեն հետևյալ սահմանափակումները՝

Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով՝ սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց:

Ֆինանսական և ապահովագրական գործունեության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով։