Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, փոշմանել են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, հետ են կանգնել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որը ենթադրում էր արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ները այդ կազմակերպությունների գովազդներով են իրենց թափանցիկ ֆինանսական հոսքերն ապահովում: Թե ինչու են իմքայլականները որոշել նման քայլի դիմել, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանից պարզել, սակայն Մանուկյանը կտրականապես հրաժարվում է օրենքի նախագիծը մեկնաբանելուց:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկումներ են ընթանում, եւ փոփոխություններ կլինեն։

«Հիմա մենք լսում ենք լրատվամիջոցներին եւ հասկանում ենք, որ դա նաեւ էական եկամտի աղբյուր է լրատվամիջոցների համար, եւ այդ մասով եւս մենք պատրաստվում ենք վերանայել նախագիծը:

Այսինքն՝ մեզ համար կարեւոր է, որ չխաբեն մարդկանց այդ կազմակերպությունները գովազդի միջոցով, եւ ինչպիսին կլինի սահմանափակումը, ապա սա քննարկումների միջոցով, նաեւ լրատվամիջոցների հետ քննարկումների միջոցով կգանք ընդհանուր եզրակացության», – նշեց Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում