Գորիսի քաղաքապետը հերքում է դաժան ծեծի ենթարկելու լուրը, ոստիկանությունը՝ նյութեր հավաքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քաղաքապետ Առուշ Առուշանյանի և ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջև տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ։ Այդ մասին 24news-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար ջանոյանը։

Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետն ու ավագանու որոշ անդամներ հրավիրվել են ոստիկանություն։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Քաղաքապետ Առուշ Առուշանյանն այնպես է ծեծել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որ նա ուշաթափվել է: Մինչդեռ քաղաքապետը 24News-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը։

«Ոչ մի միջադեպ քաղաքապետարանում տեղի չի ունեցել։ Սուտ տեղեկություն է։ Լրատվականները սխալ ինֆորմացիա են տարածել։ Նման բան չի եղել ու չի էլ կարող լինել»,- նշեց Առուշ Առուշանյանը։

Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ծեծի միջոցով հարցերը լուծելու ավանդույթը շարունակվում է Սյունիքի մարզում, քաղաքապետը պատասխանեց, որ հարց չի եղել, ի՞նչ լուծման մասին է խոսքը։

«Ավագանու ամբողջ նիստը ուղիղ հեռարձակմամբ է եղել, համայնքապետարանի պաշտոնական էջում կա»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ որոշ լուրերի՝ միջադեպը տեղի է ունեցել նիստից հետո՝ միջանցքում, Առուշ Առուշանյանը պատասխանեց․

«Նիստը բնականոն հունով գնացել է, հետո էլ բոլորն անցել են իրենց աշխատանքին»։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քաղաքապետն այդ ամենը չի նմանեցնում 2015-ին «Սդղի գյոլում» տեղի ունեցած աղմկոտ դեպքին, երբ նախկին մարզպետ Սուրեն խաչատրյանի մերձավորները դաժան ծեծի էին ենթարկել Զաքարյան եղբայրներին, սակայն դեպքից հետո պնդում էին, թե նման միջադեպ տեղի չի ունեցել, այնինչ կալանավորվեց մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը։

«2015-ին իմ մտերիմ ընկերների հետ է այդ ամեն ինչը տեղի ունեցել՝ Զաքարյան եղբայրների, և զուգահեռներ տանելն ուղղակի աբսուրդ է։ Ավետիք Բուդաղյանն էլ է ինձ մտերիմ եղել, Զաքարյանն էլ, նմանեցնելն աբսուրդ է»։

Քաղաքապետը վստահեցրեց, որ այն ժամանակ հստակ միջադեպ է եղել, մինչդեռ հիմա որևէ դեպք տեղի չի ունեցել, ուստի բացառում է որևէ կալանավորում։