Կապառոսը շատ ժամանակ կունենա ֆուտբոլիստներին ուսումնասիրելու համար․ Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

Ֆուտբոլ
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՖՖ պաշտոնական կայքին հարցազրույց է տվել Կիպրոսի ԱԵԼ-ում հանդես եկող Գևորգ Ղազարյանը.

«Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերսկման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին: Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ խաղադաշտ կա, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս:

Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապառոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը: Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»: